Փաստ է, որ մեր երկրում լրջորեն խաթարված է սահմանադրական կարգը․ Ռուբեն Մելիքյան

Անտեսելով մասնագիտական ու քաղաքացիական ծանրակշիռ փաստարկները, հաշվի չառնելով Եվրոպայի խորհրդի ներկայացրած պահանջը՝ խիստ վիճելի նախագիծը Վենետիկի հանձնաժողով կարծիքի ուղարկելու մասին՝ Հանրապետության նախագահն այնուհանդերձ որոշեց ստորագրել հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Կտրականապես չեմ ընդունում այն պնդումը, որ հրամանագիրը ստորագրելուց բացի՝ նախագահը այլ հնարավորություն չուներ։ Ուներ, բայց ընտրեց վատագույնը։

Ամեն դեպքում, փաստ է, որ մեր երկրում լրջորեն խաթարված է սահմանադրական կարգը, զուգահեռաբար՝ ամբողջ թափով ընթանում է ընդդիմախոսների, չհամաձայնվողների նկատմամբ ատելություն ու թշնամանք գեներացնելու գործընթաց, որը նոր շունչ ստացավ «շնաբարո դուրսպրծուկներ» ու «հակապետական ուժեր» վարչապետական ազդանշաններով։

Այս պայմաններում պնդել, որ Հանրապետության նախագահի լիազորությունը սոսկ տեխնիկական էր և անայլընտրանք, պարզապես նշանակում է հրաժարվել Հանրապետության նախագահի ծանր ու պատասխանատու առաքելությունից։

«Դե ֆակտո» հանրաքվեով լինի թե մեկ այլ ճանապարհով՝ խաթարված սահմանադրական կարգը մի օր վերականգնվելու է։ Սակայն Հանրապետության գործող նախագահը այլևս ի զորու չէ դերակատարություն ունենալ այդ գործընթացում, իսկ այդ ինստիտուտի դերը, որպես ծայրահեղությունները հարթող, վճռական պահին խաթարված իրավակարգը ճիշտ հուն վերադարձնող, ցավոք, այլևս զրոյական է»,-նշել է նա։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները