Ի՞նչ է Հայաստանը շահելու, և ի՞նչ կարող է կորցնել ձեր գործելակերպի արդյունքում. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կիրակի օրը հանրաքվեի մասին որոշումը ՀՀ Նախագահի կողմից հապճեպ ստորագրելուց և առաջին ոգևորության ալիքը ըմբոշխելուց հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հասկանալ, որ նույն այդ Նախագահը անմիջապես ձեռքերը լվաց հանրաքվեից, իսկ իրավագիտակից հասարակությունը հստակ հասկացավ, որ հանրաքվեն ապօրինի և անիմաստ է։
Դրան ավելացել է Վենետիկի հանձնաժողովի դիլեման՝ արդեն ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ցանկանում է խուսափել հանրաքվեի մասին որոշումը Վենետիկի հանձնաժողով իրավական եզրակացություն ուղարկելուց։ Նախկին իշխանությունները, որքան էլ փորձել են սահմանադրական փոփոխությունները հարմարեցնել իրենց ճաշակին և շահերին, այնուամենայնիվ ստիպված են եղել դրանք տրամադրել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, գիտակցելով, որ այլապես Եվրոպայում մերժված (изгой) կդառնան։ Դրա արդյունքում, սահամանադրական փոփոխությունների նախագծերը միշտ որոշակի բարելավումներ են ունեցել, թեև մեր համար դրանք գուցե անտեսանելի են եղել։

Հիմա, եթե հանրաքվեի առաջադրվող փոփոխությունը առաջին անգամ մենք չուղարկենք Վենետիկի հանձնաժողով, դրանով կստեղծենք Եվրոպայի Խորհրդի հավաքական իրավական կարծիքը արհամարելու նմանը չտեսած նախադեպ (սա կլինի այս իշխանության հերթական "աննախադեպ" նվաճումը): Այս կապակցությամբ, ես ցանկանում եմ իշխանության պատասխանատու ներկայացուցիչներին, մասնավորապես, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, մեկ պարզ հարց ուղել՝

Պարոնայք, դուք հաշվարկել եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարելու հետևանքները՞։ Ինչ՞ է Հայաստանը շահելու, և ինչ՞ կարող է կորցնել ձեր գործելակերպի արդյունքում։

Պարտադիր չի, որ ինձ պատասխանեք։ Պատասխանեք մեր քաղաքացիներին, ձեր ընտրողներին, այն արդարամիտ և պարզ մարդկանց, որոնք դուք ձեր հետևից ուզում եք տանել այս արկածախնդիր հանրաքվեին»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները