Ան­տար­բե­րու­թյան և ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան «պա­տը»

Երբեմն լռությունը միգուցե ավելի արդարացված է, քան խոսելը, հատկապես, երբ խոսքի մեջ ընդգծված անտարբերություն կա։ Երբեմն չարտահայտվելն ավելի ճիշտ ընտրություն կդիտվի, քան այն պահվածքը, որն ուղեկցվում է ոչ միայն անտարբերությամբ, այլև ընդգծված ցինիզմով։ Այս մոտեցումները կարող ենք սինթեզել մեր իրականության ցանկացած երևույթի մեջ՝ սկսած հասարակական, վերջացրած քաղաքական հարաբերություններով։

Առավել ևս, երբ այդ հարաբերությունները վերջին շրջանում հայտնվել են բավականին ցածր մակարդակի վրա, երբ բացի ընդգծված ցինիզմից, իրար վրա ցեխ շպրտելու, դիմացինին ամեն գնով նսեմացնելու անհագ ցանկություն կա, ինչը, ի վերջո, վերածվում է մի անատամ գործընթացի, որը հետին պլան է մղում կարևորը։

Խոսքը ոչ թե մեկ, այլ մի շարք կարևորների մասին է՝ դուրս ամեն տեսակի բզկտոցների, լեզվակռիվների ու հաճախ արհեստական կամ կեղծ օրակարգերի տիրույթից։

Նախօրեին հայտարարվեց դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած երկու զինծառայողի մահվան մասին։ Դեպքերը, ցավոք, հերթականն էին, որոնք տեղ էին գտնելու օրվա լրահոսում։ Բոլորը հերթական լուրը կարդալու էին ու շարունակելու էին ապրել իրենց առօրյայով։

Չեմ ուզում խոսել բանակում բարոյահոգեբանական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։

Նախ՝ այն պատճառով, որ այդ մասին բազմիցս առիթ ունեցել ենք խոսել ոլորտին ավելի քաջատեղյակ, զինվորների և սպաների հետ առօրյա կապի մեջ գտնվող անձանց հետ, և երկրորդ՝ այդ մասին դեռ շատ կխոսվի։ Չեմ ուզում խոսել նաև նման դեպքերին հաջորդած մեղադրանքների նոր տարափի մասին, որոնք, իհարկե, քիչ չեն լինի։ Իսկ մեղադրելն, ամեն դեպքում, ամենահեշտն է։

Չեմ ուզում խոսել նաև այն հատվածի մասին, որի համար նման ցավալի դեպքերն առիթ են՝ հերթական անգամ թիրախավորելու այն օղակը, որը մեր պետության հիմնասյունն է։

Չեմ ուզում խոսել նաև նրանց մասին, ովքեր բանակի մասին դատողություններ են անում՝ իրենց իրավունք վերապահելով վերլուծել իրավիճակն այն դեպքում, երբ բանակ բառը միայն արտասանել են, բայց բանակը չեն տեսել, բանակի հետ լավագույն դեպքում առնչվել են որևէ հարազատի «բանակի քեֆի» մասնակցելով։

Ուզում եմ խոսել այն կարևորներից մեկի մասին, որը կորչում է նույն լեզվակռիվների, ցինիզմի, առօրյա քաղաքական ու ոչ քաղաքական լրահոսի մեջ։ 1998 թվականն էր։ Մեր բակի բնակիչների լռությունն այնքան ուժեղ էր, որ 1998թ.-ին դեռ առաջին դասարանում գտնվող երեխայի հիշողության մեջ այն արդեն 22 տարի անց նույնքան թարմ է, նույնքան տպավորիչ ու խոսուն։

Բակի տղաներից մեկը բանակում զոհվել էր, լուրն առավոտյան էին իմացել։ Բոլորի դեմքին երկար ժամանակ դեռ ժպիտ չեկավ՝ մինչև ծնվեց զոհվածի եղբոր որդին, ում կոչեցին զոհվածի անունով։

Իսկ ի՞նչ ենք մենք հիշելու 22 տարի անց։ Իրականում մեր հասարակության առողջ հատվածին ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ, ինչի ավելի թարմ վկայությունն ապրիլ յան պատերազմն էր։

Չի կարող նաև ստիպել լռել, և այդ հատվածի լռությունը երբեք արդարացված չի լինի։ Բայց, միևնույն է, կան հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում...

Այդ ե՞րբ հասցրեց նույն հասարակության մեջ ծնվել մի հատված, որի գոնե մեկ օրվա լռությունը միշտ արդարացված ու բոլորի համար շահեկան կլինի, որից նույն առողջ հասարակությունը կխնդրի ոչինչ չանել, չասել, գոնե մեկ օրով զսպել, օրինակ՝ սրճարաններում արված լուսանկարները հրապարակելու անհագ ցանկությունը։

Այդ նույն հասարակությունից են «ծնվե՞լ» այն պաշտոնյաները, որոնց երբեք ու ոչինչ չի խանգարում լայն ժպտալ ու քաղաքական հակառակորդներին ծաղրել նման լուր լսելուց դեռ մեկ ժամ չանցած։

Չէ՞ որ նույն հասարակության մեջ կան մարդիկ, որոնք մի քիչ ավելի մեծ պատասխանատվություն ունեն՝ իրենց պահվածքով մյուսներին օրինակ ծառայելու իմաստով։ Իրականում ոչ ոք ոչ ոքի չի ստիպում սգալ, կիսել դիմացինի վիշտը կամ գիտակցել խնդիրների խորությունը, որոնք միգուցե անդունդ դառնալու վտանգ ունեն։

Բանակում տիրող իրավիճակի պատասխանատվությունը բոլորս ենք կիսում, թեպետ այս առումով բանավեճ կա. ոլորտին առավել քաջատեղյակները դպրոցի ու մանկապարտեզի վրա անընդհատ մեղքը բարդելը վերացական են համարում՝ դասելով ոչինչ չտվող ու նույն պատասխանատվությունից խուսափելու ամենահեշտ միջոցների շարքին։

Բայց մեր թեման այլ է, խնդիրը երբեմն արդարացված լռության մեջ է։ Այս առումով երևի ավելի մեծ պատասխանատվություն կա, ավելի շուտ՝ պատասխանատվության զգացում ունենալու անհրաժեշտություն՝ քո խղճի, երկրի ու այն քաղաքացու հանդեպ, որի որդին մի քանի ժամ առաջ մահացել է։

Չգիտեմ՝ որքանո՞վ են գիտակցում այդ պատասխանատվությունը նրանք, որոնց, ամեն դեպքում, ոչինչ չի խանգարում լայն ժպտալ, սրճարաններից լուսանկարներ հրապարակել ու գոնե մեկ օրով չզսպել այլ թեմաներով լեզվակռվի մեջ մտնելու անհագ ցանկությունը։ Առհասարակ, կան արժեքներ, որոնց նկատմամբ մեր հասարակության մոտ ընդգծված զգայունություն կա։

Այդ արժեքներից են բանակը, զինվորը։ Մեկը ծառայող զինվորի մեջ իր որդուն է տեսնում, մյուսը՝ եղբորը, մեկ ուրիշն էլ ինքն իրեն՝ տարիներ առաջ։ Ինքն իրեն հիշելուց միգուցե ինքն իրեն հարցեր է տալիս՝ արդեն մերօրյա իրականության մեջ չգտնելով դրանց պատասխանները։

Բայց մի հատված կա, որը ոչ ոքի չի տեսնում. անծանոթ զինվորի մեջ չի տեսնում թե՛ որդուն, թե՛ եղբորը, թե՛ ընկերոջը, թե՛ զարմիկին, որը դեռ նոր պետք է զորակոչվի։ Ի վերջո, չի տեսնում նաև ինքն իրեն ու իր մոտ հարցեր չեն առաջանում։

Ուզում եմ կրկին շեշտել՝ ոչ ոք դիմացինից ոչինչ չի պահանջում, չի պարտադրում հարգել, կիսել պատասխանատվությունը, կամ, ի վերջո, ունենալ պատասխանատվության զգացում։

Բայց, միևնույն է, անպատասխան հարցեր կան. ե՞րբ հասցրեցին ստվերվել կարևորները, երբ ծնվե՞ց այն հատվածի անտարբերությունը, որի լռությունը գոնե մեկ օրով ոչ միայն արդարացված, այլև ցանկալի կլիներ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան Արցախը Նախիջեւանի դիմա՞ց. Ինչ է ակնարկում Մոսկվան Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտարի մասին Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների /տեսանյութ/ Սերժ Սարգսյանն ասել է Ապրիլյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը /տեսանյութ/ Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի պահին լույս աշխարհ գալիս իր երեխան /տեսանյութ/ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանի անկեղծ գրառումը ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Մարտական ընկերներով այցի գնացինք մեր հրամանատարի շիրիմին. Արայիկ Հարությունյան Ինչպիսի տեսք ունի Բեյրութի հայկական թաղամասը պայթյունից հետո /լուսանկար/ Սերժ Սարգսյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է. Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան Նոր դատավոր է նշանակավել
Ամենաընթերցվածները