Իսրայելում հայկական առասպելաբանության մասին գիրք է հրատարակվել
ArmDaily.am-ի զրուցակիցն է գրքի համահեղինակ Մեննի Կորսունսկին։
-Ինչպե՞ս Ձեզ մոտ գիրքը հրատարակելու միտքն առաջացավ։
Գաղափարն առաջացավ համահեղինակ Դավիթ Գալֆայանի մոտ։ Դա 2018 թվականի վերջն էր՝ 2019 թվականի սկիզբը։ Դավիթը զանգեց ինձ ու առաջարկեց աշխատել այդ պրոյեկտի վրա։ Ես շատ եմ սիրում պատմությունն ու տարբեր ազգերի սովորույթները, այդ իսկ պատճառով առանց երկար մտածելու համաձայնվեցի։
-Ո՞ր առասպելներն եք ընտրել և ինչո՞ւ հենց դրանք։
-Գիտեք, Դավիթը որպես նկարիչ արդեն ուներ պատրաստի նկարներ հայկական առասպելաբանության թեմաներով, Դավիթի նկարները հիմք են հանդիսացել մեր գրքի համար։
-Ո՞վ է Ձեզ օգնել գրքի հետ տարվող աշխատանքներում։
-Ես և Դավիթը միայնակ ենք աշխատել այս ծրագրի վրա։ Անկեղծ ասած, պրոյեկտը բավականին դժվար տրվեց, քանի որ ի տարբերություն հռոմեական կամ հունական առասպելաբանության, այս դեպքում հեշտ չէր նյութեր գտնելը, կարելի է նույնիսկ ասել, որ սա ինձ համար ակադեմիական պրոյեկտ է։ Բացի այդ, ինձ վրա այլ պարտականություն էր դրված, ես պետք է մշակեի նյութը և թարգմանեի այն եբրայերեն, այնպես, որպեսզի տեղի ընթերցողի համար հեշտ, ընկալելի լիներ տեքստը և որ ամենակարևորը՝ հետաքրքիր լիներ կարդալը։
-Ինչո՞ւ որոշեցիք հենց հայկական առասպելաբանության մասին գիրք հրատարակել։
-Ինչպես արդեն ասացի, քչերն են բացի հունական և հռոմեական առասպելներից լսել նաև հայկական առասպելների մասին, չնայած ես կարծում եմ, որ հայկական առասպելաբաանությունը շատ ավելի հետաքրքիր է։ Բացի այդ գիրքը եբրայերեն է ու նպատակ ունի իսրայելցիներին ծանոթացնել Հայաստանի, նրա ժողովրդի ու սովորույթների հետ։